Ամանորյա հեքիաթը մեր դասարանում

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Վայրը– Արևմտյան դպրոց, ընտանիք
Ժամանակահատվածը՝ Դեկտեմբերի 1-ից 23-ը

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

 Խնդիրները՝

  • Ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման աղբյուրները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Պարզաբանել, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել որոնողական կայքերից  օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:

Հետազոտության, ուսումնասիրության թեմաները՝

  • Տոնական խոհանոց
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
  • Տոնի խորհուրդը:

Ընթերցանության համար նախատեսվող նյութեր.

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Եղևնին

Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

Ծեսի մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած տարիներից: Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները:

Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ վերը նշված տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:

Առաջին խումբը տեղեկություններ է հավաքում տարբեր երկրներում տոնի անցկացման մասին: Ի մի են բերում հավաքած տեղեկությունները, վերլուծում, ընտրում իրենց կարծիքով ամենահետաքրքիր ու ներկայանալի մասերը,  ստեղծում են էլեկտրոնային ժողովածու և ներկայացնում ընկերներին:

Երկրորդ խումբը կենտրոնանում է Հայաստանում տոնի անցկացման առանձնահատկությունների, սովորությունների ու ավանդույթների վրա: Այս գործունեության ընթացքում նրանց անհրաժեշտ կլինի ձայնագրիչ, ֆոտոխցիկ, կօգտվեն որոնողական կայքերից, գրականությունից /Տ. Հայրապետյան գրադարան/:

Խմբի անդամները հարցազրույցներ կվարեն, տեսաֆիլմեր կնկարահանեն, համացանցից ու տարբեր գրականությունից տեղեկություններ կհավաքեն թեմայի շուրջ: Կստեղծեն մեդիափաթեթ և կներկայացնեն ընկերներին:

Խոհանոցային գործունեությունը ամեն տարի Ամանորյա ծեսի անբաժանելի մասն է կազմում: Ինչպես միշտ, դպրոցում որևէ հետաքրքիր,տոնական ուտեստ կպատրաստենք կամ էլ կթխենք տոնական տորթ, թխվածքաբլիթ դպրոցում:

Նախագծի մեջ ներառված է նաև «Տոնական խոհանոց» բաժինը: Այն կներկայացվի ֆիլմաշարի տեսքով/սովորողները ինչ որ տոնական ուտեստ կպատրաստեն տանը /:

Ձմեռային նախագծերի աշխատանքների մեջ մտնում է նաև դասարանի, տոնածառերի ձևավորումը: Կպատրաստենք ինքնաշեն խաղալիքներ՝ ձեռքի տակ եղած տարբեր նյութերով: Սովորողների մի խումբ համացանցից կգտնի հետաքրքիր տեղեկություններ ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ պատրաստելու վերաբերյալ, կընտրենք լավագույնները:

Մեդիաբացիկների ստեղծում: Ամեն տարի սովորողները ստեղծում են էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ համակարգչային տարբեր ծրագրերով: Բացիկները տոնական օրերին սովորողը կտեղադրի ենթակայքում՝ որպես շնորհավորանք:

Ինչպես միշտ, այս ուսումնական տարում էլ կրթահամալիրում Ամանորյա ծես կիրականացվի: Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա դիմակահանդես-խաղին:

Ճամփորդություն՝ ամանորյա ներկայացում դիտելու

/ենթակա է խմբագրման/

Leave a comment